1 հունիսի 2011 - 21:12 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Արդյո՞ք Բաքուն պատերազմ կսկսի Կազանում Սարգսյան-Ալիև հանդիպման նախաշեմին

«Կազանի հանդիպման մոտենալուն զուգընթաց Կովկասում հավասարապես աճում է ինչպես խաղաղության, այնպես էլ պատերազմի հավանականությունը»,- National Interest հրատարակությունում իր հոդվածում գրում է հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը: Հունիսի 25-ին ԿԱզանում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս հանդիպման հետ որոշակի հույսեր են կապում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ընդունած Դովիլի հայտարարության առնչությամբ, որով նրանք միանշանակ հասկացրին, որ ժամանակն է լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը: «(Ղարաբաղյան հակամարտության) հետագա հետաձգումը միայն կասկածի տակ կդնի համաձայնություն ձեռք բերելուն կողմերի հավատարմությունը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ:

Թոմաս դե Վաալի կարծիքով, եթե Կազանում նախագահների հանդիպման ժամանակ հաջողվի համաձայնեցնել շրջանակային համաձայնագիրը, գործնականում նախատեսված դրույթների իրականացման ժամանակ անխուսափելի ընդմիջումից կարող են որոշակի ուժեր օգտվել, որպեսզի ձախողեն գործընթացը:

«Որոշակի ուժերի» տակ, ելնելով ստեղծված իրադրությունից, կարելի է հասկանալ միայն Ադրբեջանի ղեկավարությունը, որին իշխանության գլխին մնալու համար այդքան անհրաժեշտ է պատերազմը Ղարաբաղում, և որը բոլորովին չի թաքցնում դա` չդադարելով սպառնալ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ: Հետևաբար, հակամարտության խաղաղ կարգավորումը չի մտնում Բաքվի պլանների մեջ, որն էլ հենց կարող է ձախողել այդ կարգավորումը:

Սակայն, վերադառնալով Դովիլի համաձայնագրին, ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահները նկատի են ունեցել այդ հնարավորությունը. «Ուժի կիրառումը ստեղծել է ներկայիս դիմադրության և անկայունության իրադրությունը: Երկրորդ անգամ ուժի կիրառումը միայն մեծ տառապանքների և ավերածությունների կհանգեցնի, ինչպես նաև կարժանանա միջազգային հանրության դատապարտմանը»: Հետևաբար, եթե անգամ Ալիևն առանց գերտերությունների թույլտվության որոշի պատերազմ սկսել, նույն այդ տերություններն անմասն չեն մնա: Իսկ իրադարձությունները Մերձավոր Արևելքում, մասնավորապես` անցանկալի առաջնորդների փոփոխությունը, տեղի է ունեցել ոչ այնքան վաղուց, որպեսզի Ալիևը չհասկանա. նախագահական աթոռը պահպանելու նպատակով Ղարաբաղում պատերազմ սկսելով` ինքը շատ արագ կարող է զրկվել այդ աթոռից:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ