3 հունիսի 2011 - 20:15 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Ըստ երևույթին, Բաքուն չի ընկալել Ղարաբաղի վերաբերյալ Դովիլի հայտարարության իմաստը

Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարողանում կանգ առնել և իներցիայով շարունակում է զրնգացնել իր զենքը անգամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը արագ և բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու` Դովիլում հնչած ուղղակի պահանջից հետո: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը` ի դեմս մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի, հերթական անգամ, ըստ ամենայնի, ինքն իրեն հանգստացնելու համար հայտարարել է, որ ադրբեջանական բանակը «այսօր ամենաուժեղ բանակն է Հարավային Կովկասում և պատրաստ է կատարել ցանկացած մարտական կարգադրություն»:

Թե ինչ փաստերի հիման վրա է կատարվել նման հայտարարություն, գաղտնի է բոլորի, այդ թվում և ռազմական գործում մասնագիտացող փորձագետների համար, որոնք դեռևս տարվա սկզբին, հանդես գալով Հարավային Կովկասի երկրների Զինված ուժերի մարտական պատրաստվածության գնահատականով, հանգեցին այն եզրակացությանը, որ Ադրբեջանի բանակը, չնայած ադրբեջանական իշխող շրջանակների ներկայացուցիչների վստահեցումներին, այդպես էլ լիարժեք բանակ չի դարձել և կարող է առավելության հասնել միայն իր քանակով: Միջազգային ճգնաժամային խումբն իր հերթին, պնդելով, որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի հետ պատերազմի, հայտարարում է, որ հայկական ԶՈւ-ն մարտական պատրաստվածության տեսակետից գերազանցում է ադրբեջանական բանակին, որտեղ նախկինի պես տիրում է կոռուպցիան: Անգամ Ադրբեջանի համար բարեկամական Թուրքիան խոստովանում է, որ անկախ փոքր տարածքից ու բնակչությունից, հայկական բանակը համարվում է տարածաշրջանի ամենապրոֆեսիոնալ, գրագետ և հմուտ բանակը:

Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու քողարկված ակնարկներն ու բացահայտ սպառնալիքներն առանձնապես անհեթեթ են հնչում` նկատի ունենալով իրադրության վերջին զարգացումները, երբ հիմնախնդրի լուծման մեջ անմիջականորեն ներգրավված երեք տերությունները հայտարարեցին, որ այդ կարգավորումն այլևս չի կարելի երկարաձգել` համառորեն կոչ անելով կողմերին «բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:

Ադրբեջանում, ըստ ամենայնի, մինչև վերջ չեն գիտակցել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ ուղերձի իմաստը` այն սովորության համաձայն համարելով հերթական հռչակագրային և ոչինչ չնշանակող հայտարարություն: Կամ էլ չեն ցանկանում գիտակցել` տեսնելով, թե ինչպես է բառացիորեն քթի տակից կորչում երազանքը` պատերազմ սկսել Ղարաբաղում, գործանականում փորձել հսկայական քանակներով գնվող սպառազինության և «տարածաշրջանի ամենաուժեղ բանակի» արդյունավետությունը, որի ապիկարությունը բազմիցս ապացուցել են հայկական զինված ուժերը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ