4 հունիսի 2011 - 11:00 AMT
Լևոն Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանի զինված ուժերը պատմության մեջ երբեք հաղթանակ չեն տարել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնի ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, որն իր կյանքի ընթացքում երբեք չի մասնակցել ռազմական գործողությունների, իրավասու չէ ադրբեջանական բանակի մարտական պատրաստության մասին հայտարարություններ անել: Իսկ զուտ տեսական եզրակացությունները, այն էլ միայն մեկ բաղկացուցչի իմացությամբ, շատ հաճախ մարդկանց ծիծաղելի դրության մեջ են դնում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի և Voskanapat.info պորտալի ղեկավար Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի տարիներին ագրեսորի միակ «հաջողությունը» Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի գրավումն էր, որոնք Խորհրդային բանակի` Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված 23-րդ մոտոհրաձգային և 86-րդ դիվիզիաների ուժերով կատարված միևնույն օպերացիայի օղակներն էին: Թե ինչ արժեք ունեն Ադրբեջանի զինված ուժերը, բացահայտ ցույց տվեց պատերազմի ընթացքը, երբ ռազմական գործողությունների հարթակից դուրս բերվեցին ԱՊՀ դիվիզիաները, և ԼՂՀ Պաշտպանության բանակը առերեսվեց ագրեսորին»,- նշել է փորձագետը:

Նախօրեին Ադրբեջանի ՊՆ մամլո քարտուղար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ ադրբեջանական բանակն իր մարտական պատրաստությամբ ամենաուժեղն է Հարավային Կովկասում: