Պան Գի Մունը մտադիր է երկրորդ ժամկետին մնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ՄԱԿ-ի աղբյուրները հաղորդել են, որ Պան Գի Մունը գլխավոր քարտուղարի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելու մասին պաշտոնապես կհայտարարի մոտակա օրերին:
Հունիսի 6-ին Պան Գի Մունը ՄԱԿ-ում հանդիպում կանցկացնի այսպես կոչված «Ասիական խմբի» դեսպանների հետ, խմբի մեջ մտնում են Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրները: Այդ հանդիպումից հետո նա պաշտոնապես կհայտարարի երկրորդ ժամկետին առաջադրվելու մասին:
Այն բանից հետո, երբ Պան Գի Մունը կհայտարարի երկրորդ ժամկետին իր թեկնածությունն առաջադրելու մասին, նրա թեկնածությունը սկզբում պետք է արժանանա ՄԱԿ-ի 15 (5 մշտական և 10 ոչ մշտական) անդամ երկրներից բաղկացած Անվտանգության խորհրդի հավանությանը, որից հետո հարցը քվեարկության կդրվի Գլխավոր վեհաժողովում, որտեղ 192 պետություններ են ներկայացված, հաղորդում է Lenta.ru-ն: