6 հունիսի 2011 - 17:13 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտ կայցելեն հունիսի 7-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը Բաքվում հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս դրությանն ու հեռանկարներին վերաբերող հարցեր:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ստեփանակերտը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կընդունի հունիսի 7-ին: «Հունիսի 8-ին կկայանա համանախագահների հանդիպումն Արցախի նախագահի հետ»,- հաղորդել է Բաբայանը:

Համանախագահները Հայաստան կժամանեն հունիսի 9-ին: Այցի շրջանակներում միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ: