6 հունիսի 2011 - 20:11 AMT
Ադրբեջանի հայ փախստականները մտադիր են միավորվել իրենց իրավունքների վերականգնման համար

Ադրբեջանի հայ փախստականները մտադիր են միավորվել իրենց իրավունքների վերականգնման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Ադրբեջանի հայերի լիազորված ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը: նրա խոսքով, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 40 կազմակերպություն է ձևավորվել, որոնք զբաղվում են փախստականների խնդիրներով: «Սակայն փորձը ցույց է տվել, որ ոչ մի կազմակերպություն մենակ չի կարողացել առանձնակի հաջողության հասնել, ուստի մենք որոշել ենք միավորել մեր ուժերը և հանդես գալ միասնական ճակատով»,- ասել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ նույն այդ նպատակով հայ փախստականները մտադիր են նաև դիմել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Ծատուրյանը նկատել է նաև, որ փախստականների խնդիրների լուծման մեջ պետք է ներգրավված լինեն քաղաքական և հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են որևէ կապ ունենալ այս հարցի լուծման հետ: