7 հունիսի 2011 - 17:29 AMT
Նաիրա Զոհրաբյանը Մեծ Բրիտանիայի փոխդեսպանին ներկայացրեց քաղաքական երկխոսության վերաբերյալ ԲՀԿ տեսակետը

Եվրաինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի փոխդեսպան և հյուպատոս Գերըթ Ուին Օուենի հետ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային Ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հյուրի խնդրանքով Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետը ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամը հարկ համարեց հիշեցնել, որ մարտիմեկյան իրադարձություններից հետո կուսակցության հրավիրած համագումարը ընդունել է հայտարարություն, որում արձանագրվել է երկրում ներքաղաքական մշակույթի փոփոխության անհրաժեշտության մասին: Մեջբերելով հայտարարությունը` Զոհրաբյանն ասաց, որ իրենց համագումարը դեռևս մարտի 1-2-ի դեպքերից հետո էր արձանագրել, որ փոխադարձ անհանդուրժողականությունն ու թշնամանքը չեն կարող նպաստել երկրում բարեփոխումների առաջ մղմանը, և միայն քաղաքացիական համերաշխությունն ու հանդուրժողականությունը, միմյանց տեսակետը և ձայնը լսելու մշակույթը կարող են նպաստել երկրում սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: Ուստի, խմբակցության ներկայացուցչի գնահատմամբ, ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել նույնիսկ ամենաարմատական ընդդիմախոսների միջև երկրի քաղաքական օրակարգում առկա բոլոր խնդիրները քննարկելու և միասնական լուծումներ գտնելու մշակույթին:

Բացի դրանից, պատգամավորը ներկայացրեց իր կուսակցության տեսակետը Հայաստանի տնտեսական քաղաքականության, ինչպես նաև եվրաինտեգրման խնդիրների շուրջ: