7 հունիսի 2011 - 22:13 AMT
Հունիսի 17-ից ՃՏՊ-ում հետիոտնի մեղքը հիմք չի համարվի նրան պատճառված վնասների հատուցումը մերժելու համար

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 7-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, գրանցեց Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» կանոններում (RL1-017) կատարված փոփոխությունը: Նոր փոփոխության էությունը կայանում է նրանում, որ պատահարում հետիոտնի մեղքի առկայությունը չի կարող հիմք համարվել նրան պատճառված անձնական վնասների հատուցումը մերժելու համար: Կանոնների փոփոխությունը միտված է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում հետիոտների շահերի պաշտպանությանը և նպաստելու է համակարգի առավել արդարացի լինելուն: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2011 թ. հունիսի 17-ին:

Խորհուրդը որոշեց վերաձևակերպել «ՍԱՆՌԱՅՍ» ՍՊԸ-ի փոխանակման կետի արտարժույթի առքուվաճառքի թիվ 739 լիցենզիան, «Ֆաստ Կրեդիտ» ՍՊԸ-ի և «Ոսկե Լումա» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիաները:

Գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրվեցին «Սառտե» ՍՊԸ-ին, «ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին և «Գոլդ Քեշ» ՍՊԸ-ին: «ՆՅՈՒ ԲՐԱՆՉ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը բավարարվեց վերապահումով: Ուժը կորցրած ճանաչվեց Օնիկ Մինասյան արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 492 լիցենզիան, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: