8 հունիսի 2011 - 11:13 AMT
Հունիսի 7-ին հայերն ու ամերիկացիները Երևանում միասին նշեցին ԱՄՆ անկախության 235-րդ տարելիցը

Հունիսի 7-ին հայերն ու ամերիկացիները միասին նշեցին Միացյալ Նահանգների անկախության ու Անկախության հռչակագրի ընդունման 235-րդ տարելիցը: ԱՄՆ դեսպանատանը կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում մասնակիցներին իրենց ողջույնի խոսքերն հղեցին ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը և ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Միջոցառման սկզբում Հայաստանի և Միացյալ Նահանգների օրհներգերի կատարմամբ հանդես եկան Ինգա և Անուշ Արշակյանները, իսկ Հայաստանի պետական ջազ նվագախումբը ներկայացնում էր ամերիկյան ջազ:

Այս միջոցառմամբ նաև նշվում էր դեսպան Յովանովիչի առաքելության ավարտը, ով վերադառնում է Վաշինգտոն և զբաղեցնելու է ԱՄՆ պետքարտուղարության Հյուսիսային ու Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը: Դեսպան Յովանովիչն առիթն օգտագործելով շնորհավորեց Հայաստանին` անկախության 20-ամյա տարելիցի առիթով և բաժակ բարձրացրեց հայ-ամերիկյան բարեկամության համար, որը հիմնված է ժողովրդավարության, ազատության և խաղաղության հարցում փոխադարձ օգնության և հարգանքի վրա:

«Հուլիսի 4-ին դեռ մի քանի շաբաթ կա, բայց ամերիկյան անկախության թողած ժառանգությունը կարելի է տոնել տարվա բոլոր օրերին: Անկախության տոնին ամերիկացիները միավորվում են իրենց ընտանիքների, բարեկամների, համայնքների հետ, վերհիշում մեր պատմությունը և վերահաստատում մեր հավատարմությունը ժողովրդավարության, ազատության ու խաղաղության հանդեպ»,- նշել է իր խոսքում Մարի Յովանովիչը:

Անկախության տոնը նշվում է 1776թ. հուլիսի 4-ից որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան և Անկախության հռչակագրի ընդունման օր: