9 հունիսի 2011 - 14:37 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում առկա է ջերմոցային տնտեսության զարգացման հսկայական պոտենցիալ

Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են ջերմոցային տնտեսության զարգացման համար հատկապես բարձրադիր շրջաններում, ասել է Հայաստանի Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը: Սակայն, նրա խոսքերով, անհրաժեշտ է պետության աջակցությունը և այդ ոլորտի զարգացման համապատասխան հայեցակարգը: Ասոցիացիայի ղեկավարը նաև հաղորդել է, որ վերջին տարիներին ոլորտում նկատվել է աճ, ավելին, ջերմոցային տնտեսությունների տարածքները հասել են խորհրդային ժամանակների մակարդակին, երբ Հայաստանում գյուղատնտեսության այդ ոլորտը բավական զարգացած է եղել:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանն առանձնացրել է բարձր մաքսային տուրքերը և անմիջապես սահմանին ԱԱՀ վճարումը: «Ի տարբերություն այլ երկրների, ԱԱՀ-ն մեզ մոտ գանձվում է սահմանին, այլ ոչ թե արտադրանքի իրացումից հետո, ինչը վախեցնում է արտասահմանյան ներդրողներին»,- ասել է մասնագետը: Բացի դրանից, բանկերը և այլ կազմակերպությունները որպես գրավ չեն ընդունում ջերմոցային տնտեսությունը, ավելին, երկրում չկան մասնագետներ, որոնք կարող են զբաղվել այդ ոլորտի զարգացմամբ: Սամվել Գևորգյանի խոսքերով, Հայաստանում ջերմոցային տնտեսության զարգացումը հիանալի շարժիչ ուժ է նոր աշխատատեղեր ստեղծելու համար:

ՖՈՏՈՇԱՐՔ