9 հունիսի 2011 - 18:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արցախը Կազանում նախագահների եռակողմ հանդիպումից ոչ մի առաջընթաց չի ակնկալում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի համար առայժմ ոչ մի նախադրյալներ չկան, գտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Այդ մասին նա PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել` մեկնաբանելով որոշ փորձագետների կարծիքները` հունիսի 25-ին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո բանակցություններում հնարավոր լուրջ առաջընթացի մասին: «Առաջընթացի համար առայժմ ոչ մի նախադրյալներ չկան: Առաջին հերթին խախտված է բանակցությունների ձևաչափը: Եվ եթե չի մասնակցում կարևորագույն կողմերից մեկը` Արցախը, ապա ո՞րն է տրամաբանությունը: Ի՞նչ առաջընթաց կարող է լինել»,- ընդգծել է Բաբայանը: Նա նշել է, որ բավական տարօրինակ իրադրություն է ստեղծվել, քանի որ համաձայնությունները պետք է կյանքի կոչի Արցախը, որն ինքը չի մասնակցում բանակցություններին:

Բաբայանի խոսքով, հակամարտության կողմերի միջև լուրջ տարաձայնություններ և միևնույն սկզբունքների հանդեպ տարբեր մոտեցումներ կան: Մասնավորապես, նա նկատել է, որ Արցախում և Ադրբեջանում յուրովի են մեկնաբանում ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը և այլն: «Ես առաջընթացի համար որևէ նախադրյալ չեմ տեսնում` հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը»,- ընդգծել է նա: Այս կապակցությամբ Բաբայանը նշել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Բաքվի պաշտոնական դիրքորոշման մասին, որի համաձայն Ղարաբաղը «պետք է Ադրբեջանի կազմում մնա»: «Դա ոչ միայն իրապաշտական չէ, այլև ինչ-որ առումով համանախագահների ջանքերի չարաշահում է, որովհետև նման փիլիսոփայությունը չի կարող դրական արդյունքի հանգեցնել»,- նկատել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ