9 հունիսի 2011 - 21:02 AMT
Ռիգայի քաղաքապետը Կարեն Կարապետյանին հրավիրել է Լատվիա

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Լատվիայի մայրաքաղաքի պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատվիրակությունը քաղաքապետին է ներկայացրել Ռիգայի քաղաքային կառավարման մոդելը և առանձնացնելով այն ուղղությունները, որոնք առաջնային են դիտարկվում քաղաքային իշխանությունների տեսանկյունից, մատնանշել լատվիական կողմի համար գործակցային հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտները։

Լատիշ գործարարներն, ըստ պատվիրակության անդամների, հետաքրքրված են հատկապես շինարարության, բնակֆոնդի վերականգնման, փողոցների և շենքերի դեկորատիվ լուսավորման, զբոսաշրջային և մի շարք այլ ոլորտներում հնարավոր ներդրումային ծրագրերով։ Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման իր մոտեցումները` Կարեն Կարապետյանն ընդգծել է հատկապես բյուջեի ձևավորման, տրանսպորտի կառավարման, սոցիալական բնակարանաշինության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությունը.

«Մենք բաց ենք ու պատրաստ քննարկելու կառուցողական ցանկացած առաջարկություն, ցանկացած ծրագիր», - նշել է Երևանի քաղաքապետը։ Գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով Կարեն Կարապետյանն առաջարկել է փորձի փոխանակման նպատակով համապատասխան մասնագետների փոխայցելություններ կազմակերպել։

Լատվիական կողմը Երևանի քաղաքապետին է փոխանցել Ռիգա այցելելու` Լատվիայի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնական հրավերը։

Լատվիական պատվիրակությունն այցելել է նաև մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ, ուր համաձայնագիր է ստորագրվել կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտներում, ինչպես նաև փողոցների և մշակութային արժեք ներկայացնող շենքերի դեկորատիվ լուսավորության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցության վերաբերյալ։