10 հունիսի 2011 - 11:10 AMT
ՄԽ-ի կողմից առաջարկված հակամարտության կարգավորման նախագիծը պատերազմն անխուսափելի է դարձնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումները ակնհայտորեն հակասություններ են պարունակում. անհնար է տարածաշրջանում հասնել երկարաժամկետ խաղաղության առաջարկված սկզբունքների հիման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանը հաղորդել է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության խորհրդի նախագահ, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը: «Համանախագահների կողմից ընդունված նախագիծն ընդունակ է սկզբնական փուլում հանգեցնել հակամարտող կողմերի հասարակությունների մեջ ներքին ապակայունացման, իսկ պայմանավորվածությունների իրագործման դեպքում պատերազմը կդառնա անխուսափելի, քանի որ մադրիդյան փաստաթղթի հիման վրա խաղաղությունը նշանակում է միայն պատերազմի հետաձգում: Ստացվում է, որ խաղաղություն քարոզելով միջնորդներն իրականում առաջարկում են հակամարտող կողմերին ռազմական սցենար»,- նշել է նա:

Մայիլյանի խոսքերով, եթե միջազգային միջնորդներն իսկապես շահագրգռված են խաղաղության, կայունության և տարածաշրջանային զարգացման մեջ, ինչպես ասվում է Դովիլի հայտարարությունում, ապա դրանց հասնելու համար գոյություն ունեն ինչպես նյութատեխնիկական բնույթի միջոցներ, այնպես էլ քաղաքական մեխանիզմներ: Նա մասնավորապես նշել է, որ քաղաքական մեխանիզմներին է վերաբերվում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը, որն ընդունակ է փակել ռազմական հեռանկարը: «Այդ սցենարի իրագործումը տարածաշրջանին կբերի երկարաժամկետ կայունություն: Ստատուս քվոյի դրական փոփոխության կողմնակիցները, որոնք իսկապես շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության մեջ, պետք է նախապատվությունը տան այդ սցենարին»,- ասել է Մայիլյանը: