10 հունիսի 2011 - 11:34 AMT
Մասիս Մայիլյանը չի հավատում Կազանում կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության և անվտանգության խորհրդի նախագահ, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը բարդ է համարում Կազանում արցախյան հիմնախնդրի հարցում հիմնարար սկզբունքների վրա համաձայնություն ձեռք բերելը: «Ինչ վերաբերվում է Կազանում կայանալիք հանդիպմանը, ապա ուշադրություն դարձնելով հակամարտող կողմերի հայտարարված մոտեցումներին, հիմնարար սկզբունքների և փոխզիջումային որոշման հիման վրա համաձայնության հասնելը չափազանց բարդ խնդիր է: Դրա համար օբյեկտիվ նախադրյալներ կան: Ներկա պայմաններում այսպես կոչված հիմնարար սկզբունքները կարող են ստորագրվել ուժեղ միջազգային ճնշման տակ»,- PanARMENIAN.Net գործակալությանը հայտարարել է Մայիլյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները փորձում են Ղարաբաղի օրինակով ապացուցել հնացած Հելսինկյան սկզբունքների կենսունակությունը, «որոնք իրենց համանախագահ երկրները վերջին տարիներին, մեղմ ասած, շրջանցել են»: Նա նշել է, որ հիմա առկա են նոր նախադեպեր և նոր միջազգային իրավական իրողություններ, որոնք պետք է հաշվի առնվեն միջնորդների կողմից արցախյան կարգավորման մեջ:

Մայիլյանը նաև մեկնաբանել է ԵՀԱԿ ՄԽ համանախագահների զրույցը լրագրողների հետ Ստեփանակերտ մեկնելուց առաջ : Նրա կարծիքով, միջնորդների հայտարարությունները երկու հիմնական ուղերձ են պարունակել` ուժային մեթոդներով խնդրի լուծման անընդունելիություն և Մադրիդյան սկզբունքների շուտափույթ համաձայնեցում և ստորագրում: «Ասյպիսով, համանախագահները կրկնել են իրենց նախագահների դիրքորոշումը, որը վերջերս հնչել է Դովիլում»,- ասել է նա: