10 հունիսի 2011 - 12:19 AMT
Էյչ-Էս-Բի-Սի-ի շնորհիվ շուտով Հայաստանում կգործեն առաջին հընթացս բանկոմատները

Էյչ-Էս-Բի-Սի-ն նախատեսում է Հայաստան ներմուծել առաջին հընթացս բանկոմատները

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը համաձայնագիր է ստորագրել “Արաքս” ընկերության հետ` Մյասնիկյան 20Ա հասցեում գտնվող “Արաքս” բենզալցման եւ տեխսպասարկման կայանում հընթացս բանկոմատ տեղադրելու վերաբերյալ: Նմանատիպ համաձայնություն` Աշտարակի խճուղու վրա` “Վահագնի” թաղամասի մուտքի մոտ հընթացս բանկոմատ տեղադրելու մասին ձեռք է բերվել “Հովնանյան Ինթերնեյշնլ” ընկերության հետ: Հընթացս բանկոմատները կսկեն գործել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում:

Հընթացս բանկոմատը ինքնասապասարկման մի նոր բանկային լուծում է, որը 24/7 ռեժիմով առաջարկում է ստանդարտ բանկոմատների միջոցով մատչելի նմանատիպ բանկային ծառայություններ: Նոր սարքը ապահովում է առավելագույն հարմարավետութուն, խնայելով հաճախորդի ժամանակն ու ջանքերը, քանի որ բանկոմատի միջոցով գործարք իրականացնելիս նա այլևս կարիք չի ունենա իջնել մեքենայից կամ որոնել կայանատեղի:

“Սա համապատասխանում է Բանկի ռազմավարությանը` հետևողականորեն ներկայացնել հաճախորդի սպասարկումը բարելավելուն ուղղված նորարարական տեխնոլոգիաներ: Մենք այժմ գործարկում ենք բանկոմատներ Երեւանից դեպի դուրս գնացող երկու հիմնական մայրուղիների վրա, եւ անհրաժեշտության դեպքում կավելացնենք դրանց թիվը ապագայում”, - այս կապակցությամբ նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը առաջինն էր, որ 1996 թվականին բանկոմատ ներդրեց Հայաստանում, ինչպես նաեւ առաջինը գրասենյակից/մասնաճյուղից դուրս բանկոմատ տեղադրեց` Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում, որը գործում է մինչ օրս: Ներկայում բանկն ունի ավելի քան 50 բանկոմատներից բաղկացած խոշորագույն ցանցերից մեկը Երևանում: