10 հունիսի 2011 - 14:53 AMT
Հայաստանի հրեաները հուսով են, որ Քնեսեթը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայաստանի հրեական համայնքը հուսով է, որ Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջիկայում դրական լուծում է ստանալու: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայքնի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Միաժամանակ նա նշել է, որ այս հարցում արդեն նկատելի է զգալի առաջընթաց, քանի որ Քնեսեթի խոսնակը դրական է արտահայտվել այս հարցի շուրջ, ինչպես նաև Քնեսեթում կա լուրջ խումբ, որը պաշտպանում է Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարը:

Ռիմա Վարժապետյանը նաև նշել է, թե որքան արդյունավետ են աշխատում ադրբեջանցիները տարբեր հարցերում աջակցությունը ստանալու համար` իսրայելցի պաշտոնյաներին հրավիրելով Ադբեջան, նրանց համար բարձրակարգ ընդունելություններ կազմակերպելով: «Հայաստանի հրեական համայնքը շատ լավ է ընդունում Իսրայելի պաշտոնատար անձնանց, բայց դա բավարար չէ, և պետք է պետական մոտեցում»,- ասել է նա: