10 հունիսի 2011 - 18:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Միրոսլավ Լայչակ. Աշնանը կմեկնարկեն մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունները

Հունիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, Նալբանդյանը շնորհավորեց վԼայչակին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ Լայչակի արժեքավոր դիվանագիտական փորձը կնպաստի Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայությանը և Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցության հետագա զարգացմանը:

Խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին՝ կողմերը կարևորեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների դրական ընթացքը, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների նախապատրաստման շուրջ:

Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում Միրոսլավ Լայչակը տեղեկացրեց, որ աշնանը սպասվում է այդ հարցով բանակցությունների մեկնարկը:

Զրուցակիցները քննարկեցին նաև օրերս ԵՄ-ի կողմից հրապարակված ԵՀՔ Գործողությունների ծրագրի կիրառման զեկույցը և Եվրոպական Հարևանության քաղաքականության վերանայման մասին հայտարարությունը:

Հանդիպանը անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային մի շարք հարցերի: Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ակնկալիքները հունիսի 25-ին նախատեսված գագաթաժողովից:

ՖՈՏՈՇԱՐՔ