13 հունիսի 2011 - 20:47 AMT
Բաքվում պատրաստվում են Կազանի հանդիպման ցանկացած ելքի` և' պատերազմի, և' խաղաղության

Ադրբեջանը պատրաստ է ինչպես ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների ստորագրմանը, այնպես էլ Կազանում հունիսի 25-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անարդյունք ելքին, հայտնել է քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն: «Մենք շատ կուզենայինք Կազանում ղարաբաղյան հիմնահարցի դրական լուծում ստանալ, սակայն Բաքվում լավ են պատրաստված այդ հանդիպման երկու հնարավոր ելքերից ցանկացածին` ինչպես հաշտության պայմանագրին, այնպես էլ այլընտրանքային ճանապարհին` ռազմական»,- նշել է քաղաքագետը: Նրա կարծիքով, առաջին դեպքում ադրբեջանական կողմը «նպատակուղղված գնալու է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ճանապարհով և նորերն է կնքելու, որպեսզի վերջնականապես և խաղաղ միջոցներով լուծի ղարաբաղյան հիմնախնդիրը»:

«Հակառակ դեպքում Ադրբեջանում բավականաչափ ռազմական, ֆինանսական, դիվանագիտական և մարդկային ռեսուրսներ կան հարցն այլ կերպ` կտրուկ և արագ լուծելու համար»,- ասել է Ահմեդօղլուն, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: