14 հունիսի 2011 - 11:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

Հունիսի 13-ին կայացավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանդիսավոր փակումը: Փակման արարողությանը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ներկա էին Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Փակման հանդիսավոր արարողությանը կայացավ մրցույթի հաղթողների պարգևատրումը: Առաջին մրցանակին արժանացավ Պենգ Ցաոն Չինաստանից, երկրորդ մրցանակը կիսեցին Ժորա Սարգսյանն ու Լիլիթ Գրիգորյանը Հայաստանից, իսկ երրորդ մրցանակին արժանացավ Սոնա Արշակյանը Ռուսաստանից: Երրորդ փուլի մասնակցի դիպլոմի արժանացավ Անահիտ Դիլբարյանը Հայաստանից: Ալեքսանդր Իրադյանը Հայաստանից և Տիխոն Խրեննիկովը Ռուսաստանից դարձան Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի «կոմպոզիցիա» անվանակարգի դափնեկիրներ:

Հանձնվեցին նաև խրոխուսական մրցանակներ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանին հանձնեց մրցանակ` Խաչատրյանի «Տոկատայի» լավագոյն կատարման համար և նույն թանգարանում մենահամերգով հանդես գալու իրավունք: Նույն մասնակիցը մրցույթի կազմակերպիչների կողմից ստացավ նաև հատուկ մրցանակ: Հանդիսատեսի համակրանքին արժանացավ Ժորա Սարգսյանը: Կանադացի դաշնակահար Սամուել Դիսոն մրցանակ ստացավ Հայդնի դաշնամուրային սոնատի լավագույն կատարման համար:

Բոլոր վերը նշված մասնակիցները իրավունք ստացան համերգներով հանդես գալ ԱՊՀ երկրների համերգասրահներում:

ՖՈՏՈՇԱՐՔ