14 հունիսի 2011 - 14:47 AMT
Հայաստանի համար կարևոր է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը

Մենք մեծ կարևորություն ենք տալիս սկանդինավյան տարածաշրջանի՝ հատկապես Շվեդիայի հետ, Հայաստանի հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին Երևանում Շվեդիայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք անդրադարձանք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, հատկապես Արևելյան գործընկերության շրջանակներում, որի ճարտարապետներից է Շվեդիան: Մանրամասն քննարկեցինք Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքը, վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը, խորը և համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները:

Անդրադարձանք նաև մեր երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարեւորությանը, քաղաքական երկխոսության առավել ակտիվացմանը, տնտեսական, մշակութային, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հարցերին: Քննարկեցինք արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Մենք համամիտ ենք, որ խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա»,- ասել է Նալբանդյանը: