14 հունիսի 2011 - 16:43 AMT
Մելքոնյան. Մինչ Թուրքիայում նախագահական ընտրությունները հայ-թուրքական գործընթացում առաջընթաց չի լինի

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայկական համայնքը ստիպված էր ընտրել վատի և վատթարագույնի միջև: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Ստեղծված իրադրության մեջ վատը իշխող Արդարության և զարգացման կուսակցությունն էր (AKP), իսկ վատթարագույնը` բոլոր մնացած կուսակցությունները»,- ասել է թուրքագետը` ավելացնելով, որ Թուրքիայի հայերն այլընտրանք չունեին, ուստիև նրանց մեծամասնությունը քվեարկեց կառավարող կուսակցության օգտին:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի փոփոխություններ կկատարվեն նոր խորհրդարանի ձևավորումից հետո, Ռուբեն Մելքոնյանը հիշեցրել է, որ Թուրքիայում հաջորդ տարի նախագահական ընտրություններ են սպասվում: «Նախքան նախագահական ընտրությունները հայ-թուրքական գործընթացում առաջընթաց չի լինի»,- ասել է նա:

Հունիսի 12-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարության և զարգացման կուսակցությունը (AKP)` հավաքելով ձայների 50,1%-ը և ստանալով, համապատասխանաբար, խորհրդարանի 550 տեղերից 326-ը: