«Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բավական կայուն ռազմաքաղաքական հավասարակշռություն կա, որն էլ կայունության առանցքային բաղկացուցիչներից մեկն է ինչպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ Հարավային Կովկասում»,- հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը«Վոյեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում:
Անդրադառնալով իրադրությանը սահմանին` Սահակյանը նշել է, որ ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը: «Վերջին ժամանակներս խախտումները հաճախացել են: Սակայն դրանք չեն կարող փոխել առկա հավասարակշռությունը կամ էլ կոտրել մեր ժողովրդի ու բանակի ոգին: Թեև հարկ է խոստովանել, որ նման գործողություններով Ադրբեջանն առավել ուժեղացնում է իր հանդեպ անվստահությունն ու հարվածում խաղաղ գործընթացին»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը:
Ընդ որում, Բակո Սահակյանը նշել է, որ ղարաբաղյան կողմը պարբերաբար հանդես է գալիս փոխվստահության ամրապնդման միջոցների իրականացման տարբեր առաջարկներով: «Օրինակ` մենք առաջարկեցինք դիպուկահարներին հեռացնել շփման գծից: Սակայն ադրբեջանական կողմն ընդվզում է մեր ցանկացած առաջարկի դեմ, որքան էլ որ այն կառուցողական լինի»,- նկատել է նա: