14 հունիսի 2011 - 18:30 AMT
Վարչապետը Լոնդոնում կծանոթանա հայ գործարարների հետ և հարցազրույց կտա BBC գործակալությանը

Հունիսի 15-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը Բուքինգհեմյան պալատում ներկա կգտնվի Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզի և ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած երկու բարեգործական ծրագրերի` «Երևան` իմ սեր» (այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարևոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում) և Շոտլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման նախագծերին նվիրված ընդունելությանը և համերգին:

Նախատեսված է նաև ՀՀ կառավարության ղեկավարի հանդիպումը տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարների հետ:

Վարչապետ Սարգսյանը կայցելի բրիտանական BBC գործակալության կենտրոնակայան և հարցազրույց կտա գործակալությանը:

ՀՀ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում են Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, հաղորդում է Կառավարության մամլո ծառայությունը: