14 հունիսի 2011 - 21:20 AMT
Արարատբանկը Diners Club միջազգային վճարահաշվարկային համակարգի բացառիկ ներկայացուցիչն է դարձել ՀՀ-ում

Արարատբանկ ՓԲԸճն Հայաստանի Կենտրոնական բանկից ստացավ «Diners Club International» միջազգային վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: Սույն որոշումն ընդունվեց հունիսի 10-ին ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի նիստում:

Ինչպես նշվում է բանկի լրատվական բաժնի հաղորդագրության մեջ, աշխարհում պրեմիում դասի Diners Club միջազգային վճարային համակարգում մասնակցության գործընթացը Արարատբանկը սկսել էր դեռևս 2010թ. տարեվերջին, և արդյունքում բանկը դարձավ այս հեղինակավոր կազմակերպության բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում` հնարավորություն ստանալով սպասարկելու Diners Club- ի` ճանաչված համաշխարհային ապրանքանիշի պլաստիկ քարտերից և էլեկտրոնային վճարման ամենատարբեր ծառայություններից օգտվող քարտապաններին:

Մինչև 2011թ. ավարտը բանկը կավարտի համապատասխան ծրագրային ապահովման ներդրման և Diners Club-ի համաշխարհային ցանցին բանկի բանկոմատների ու POS-տերմինալների միացման աշխատանքները:

Diners Club համակարգը հիմնադրվել է 1950 թվականին, այն բարձրակարգ ֆինանսական ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 185 երկրներում, շուրջ 675 հազ. բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով։