15 հունիսի 2011 - 13:31 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում միայն ջրամատակարարման համակարգի արդիականացման համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար

Հայաստանում միայն ջրամատակարարման համակարգի արդիականացման համար անհրաժեշտ են 1 մլրդ դոլարի ներդրումներ, հունիսի 15-ին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին ասել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նրա խոսքերով, մինչև 2011-ը համակարգի արդիականացման մեջ ներդրվել է շուրջ 100 մլն դոլար, ավելին, սպասվում է, որ երկրի կառավարությունը, որն ընկերության 100 տոկոսանոց սեփականատերն է, վարկ է վերցնելու ևս 100 մլն դոլար առաջիկա 5 տարվա համար, ինչը թույլ կտա մինչև 2017-ը հասնել 17-ժամյա ջրամատակարարման ապահովման: Այս փուլում ընկերությունը Հրազդանում իրագործում է խոշոր ներդրումային նախագիծ, որն ավարտվելու է տարեվերջին, կան նաև մի շարք նախագծեր, որոնց ընթացքում հնարավոր է դառնալու լուծել ջրի մաքրման խնդիրը համապատասխան սարքավորումներ տեղադրելու հաշվին:

Պատրիկ Լորենը հաղորդել է, որ այսօր «Հայջրմուղկոյուղին» սպասարկում է 37 քաղաք և 300 համայնք բացառությամբ Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Արմավիրի, որտեղ ջրամատակարարման տևողության միջին ցուցանիշը կազմում է 14 ժամ 2004-ի 6 ժամվա փոխարեն:

2004-ին մրցույթի արդյունքներով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարող է դարձել ֆրանսիական «Սաուր» ընկերությունը, հետո պայմանագիրը երկարացվել է 2004- 2008թթ., հետո` 2008-2010թթ, իսկ երկարացման վերջնաժամկետը 2011 թվականն է: «Մենք բանակցություններ ենք վարում մինչև 2013-ը պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է ջրի սակագներին, ապա գլխավոր տնօրենը հաղորդել է, որ 1 խմ արժեքը կազմում է 179.78 դրամ, հավելելով, որ սակագների բարձրացում առայժմ չի նախատեսվում:

ՖՈՏՈՇԱՐՔ