15 հունիսի 2011 - 16:03 AMT
Կաթողիկոսը Ջավախքում հանդիպել է քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ծնողների հետ

2011թ. հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ջավախք կատարվող իր հովվապետական այցի շրջանակներում Ախալքալաք քաղաքում հանդիպել է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ծնողների հետ: Վեհափառը հայտնել է նրանց, որ տեղյակ է խնդրին և արդեն իսկ բարձրացրել է ջավախքահայ գործչին ազատ արձակելու հարցը վրաց պատրիարք Իլիա Երկրորդի առջև:

2011թ. հուլիսի 17-ին լրանում է Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Ջավախքահայ գործիչը, խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում, վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի նախօրյակին 1200-ից ավել ջավախքահայ հանրագրի միջոցով դիմել էր Վեհափառին՝ Վահագն Չախալյանի խնդիրը վրաց հոգևոր և աշխարհիկ իշխանությունների առջև բարձրացնելու խնդրանքով: