15 հունիսի 2011 - 21:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կառլ Բիլդտը գիտի, թե որտեղ է գտնվում ղարաբաղյան հակամարտության լուծման սահմա՞նը

Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սահմանին ենք, չորեքշաբթի օրը Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ճեպազրույցում հայտնել է նրա շվեդական պաշտոնակից Կառլ Բիլդտը: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հակամարտության վրա և հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև առաջիկա բանակցությունների ընթացքում մեծ առաջընթաց ձեռք կբերվի»,- ասել է նա:

Բիլդտն ընդգծել է, որ այդ հարցն այսօր քննարկվել է Վաշաձեի հետ հանդիպմանը, որը ժամից ավել է տևել, հաղորդում է Թրենդը:

Հունիսի 25-ին Կազանում ծրագրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի հետ շատերը լուրջ սպասումներ են կապում, այդպես չի բացառվում նաև հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

ՖՈՏՈՇԱՐՔ