Երևանում Ազատության հրապարակի շրջանում տեղադրվել է շուրջօրյա հսկողության տեսախցիկ, որը թույլ է տալիս առցանց հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում հրապարակի տարածքում: Ազատության հարապարակում իրադարձությունների առցանց վկա կարելի է դառնալ` մտնելով http://www.myyerevan.am/camera/index5.html:
Տեղադրված տեսախցիկի միջոցով մարդիկ կարող են հետևել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին, որն արդեն 2 ամիս շարունակ իր կողմնակիցների հետ հանդիպում է Ազատության հրապարակում:
Սպասվում է, որ տեսախցիկներ տեղադրվելու են նաև Հանրապետության հրապարակում, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, ինչպես նաև Մատենադարանի մոտ:
Ավելի վաղ Երևան քաղաքի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյան հայտարարել էր, որ 2011-ի առաջին կիսամյակի վերջում Երևանի տասը հասարակական վայրերում տեղադրվելու են տեսախցիկներ: Նրա խոսքերով, տեսախցիկները տեղադրվելու են մայրաքաղաքի գլխավոր հրապարակներում` Ազատության հրապարակում, Հանրապետության հրապարակում, Շառլ Ազնավուրի հրապարակում, ինչպես նաև Մատենադարանի մոտ: Միաժամանակ, Նազարյանը նշել է, որ ֆինանսական միջոցների անվաբարարության պատճառով տեսախցիկները տեղադրվելու են առայժմ քաղաքի կենտրոնում:
Նազարյանը նշել է, որ տեսախցիկների գլխավոր առավելությունն այն է, որ դրանք թույլ են տալիս հեշտ և արագ բռնել հանցագործներին և խուլիգաններին, որոնք խախտում են հասարակական կարգը: «Տեսախցիկներն աշխատելու են շուրջօրյա»,- ասել է նա և հավելել, որ դեռևս հայտնի չէ տեսախցիկների քանակը, որոնք տեղադրվելու են մայրաքաղաքում: