17 հունիսի 2011 - 16:21 AMT
Կառավարությանը դուր չի եկել «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկը

Հայաստանի կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի և Տաճատ Վարդապետյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունումը, հեղինակների կարծիքով, պայմանավորված է Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների և մայր հայրենիքի կենսական կապի ապահովման անհրաժեշտությամբ։ Գործադիրը դեմ է արտահայտվել նախագծին և հիմնավորել իր բացասական եզրակացությունը։

Ինչպես ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատգամավորներն առաջարկում են, որ Վրաստանի հայազգի քաղաքացիները կարողանան հանրապետությունում մնալ անժամկետ առանց օտարերկրացիների համար նախատեսված կարգավիճակի: Բացի այդ, առաջարկվում է վերոնշյալ քաղաքացիներին թույլ տալ հատել սահմանը սեփական մեքենաներով առանց համապատասխան մաքսային գործողությունների, ինչն, ըստ նախաձեռնության հեղինակների պայմանավորված է ինչպես հայրենասիրական մղումներով, այնպես էլ Ջավախքից հայերի արտահոսքը կասեցնելու քաղաքական նկատառումներով:

Փոխնախարարն անընդունելի համարեց նման առաջարկը, քանի որ դրանով խախտվում են օտարերկրացիների, այդ թվում նաև հայազգի օտարերկրացիների իրավունքները: