Օձերի ակտիվացումը հիմնականում բխում է նրանից, որ մարդիկ սկսել են տներ կառուցել օձերի բնակման վայրերում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության առանձնակի հսկվող տարածքների վարչության բաժնի ղեկավար Արամ Աղասյանը: Նրա խոսքով, Հայաստանում օձի 23 տեսակ է գրանցված, որոնցից թունավոր են ընդամենը չորսը:
«Մասնավորապես, թունավոր օձերը պատկանում են իժերի ընտանիքին: Դա լեռնատափաստանային իժն է, հայկական իժը, Դարվևսկու իժը, ինչպես նաև գյուրզան»,- ասել է նա: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանում օձերի վերոնշյալ առաջին երեք տեսակները գրանցված են Կարմիր գրքում:
Աղասյանի խոսքով, գյուրզայի կծելու և ճիշտ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում մարդը կարող է մահանալ: Նա նկատել է, որ մարդիկ ամենաշատը հանդիպում են հենց գյուրզային, քանի որ թունավոր օձերի մյուս տեսակներն ամենից շատ հանդիպում են լեռնային շրջաններում և 1800մ-ից ցածր չեն իջնում:
Մասնագետը նախազգուշացրել է, որ շոգ սեզոնին օձերն առավել ակտիվ են գիշերը: Այս կապակցությամբ նա խորհուրդ է տվել երեկոյան դաշտ չգնալ: