17 հունիսի 2011 - 17:20 AMT
Հայաստանցիներին կոչ են անում ձեռնպահ մնալ միս գնելուց սառնարաններով չհագեցած առևտրի կետերից

Հայաստանի սննդամթերթի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ միս գնելուց սառնարաններով չհագեցած առևտրի կետերից:

Ինչպես ասվում է ծառայության մամլո հաղորդագրության մեջ, օրվա ընթացքում քաղաքացիներից տեղեկություններ են ստացվել, որ ԳՈՒՄ-ի հարևանությամբ մսի տաղավարներում միսը կրկին վաճառվում է սառնարաններից զուրկ պայմաններում:

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական վարչության պետ Հովհաննես Մկրտչյանը հունիսի 9-ին հայտարարել էր, որ ծառայությունը թույլ չի տա, որպեսզի անորակ միսը վաճառվի Հայաստանի խանութներում կամ շուկաներում: Ըստ նրա, վերոնշյալ ծառայությունն արդեն զգուշացրել է այդ մասին երկրի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին և մշտապես ստուգում է մսի վաճառքի պայմանները: