18 հունիսի 2011 - 15:09 AMT
Խաղերի նախագծման առաջնությանը ներկայացված են խաղեր՝ Սասունցի Դավթից մինչև հայկական Մարիո

Այժմ Orange Armenia ընկերության գլխավոր խանութում ընթանում է «Բաց խաղ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության խաղերի ցուցահանդեսը և եզրափակիչ փուլը։

20 մասնակիցները ներկայանում են իրենց ստեղծած խաղերը։ «Boyajyan brothers» թիմի խաղը նապաստակներին քաղցրավենիքով լի բներ տեղափոխելն է, նրանք խաղը ստեղծել են 2 շաբաթում։

Ներկայացված խաղերից է նաև Android բջջային հեռախոսների համար «Վասպուրիկ» կոչվող խաղը։ Ինչպես նշեցին «Վասպուրիկի» ստեղծողները այն հայտնի «Մարիո» խաղի նախատիպն է՝ ծիծակ կոշիկներ կրող հայկական հերոսով։ Խաղն աշխատում է Android 2.1 և ավելի բարձր տարբերակների վրա։

Մեկ այլ թիմի «Green Circle»-ի խաղը կոչվում էր «Անի», որտեղ հերոսները Հայաստան-Թուրքիա սահմանում կռվում են թուրքերի դեմ։ Ինչպես նշեցին թիմի անդամները, խաղը նպատակ ունի հայ երիտասարդներին կոչ անել կռվելու և չվախենալու։

Մեկ այլ մասնակից Ռուզան Ասրյանը ներկայացրել էր համակարգչային գրաֆիկայով նկարված «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսներին։ Ռուզան Ասրյանի խոսքով, ստեղծված են դեռ միայն հերոսները, իսկ խաղը կստեղծվի, եթե գտնվեն աջակիցներ։ Նրան պահանջվել է 1 տարի հերոսներին ստեղծելու համար։

Մասնակից Հարություն Մխիթարյանը ստեղծել է «Mega Arm Pes» ֆուտբոլային խաղը, որն ընդգրկում է աշխարհի մոտ 500 տարբեր թիմեր՝ սկսած հայկական «Փյունիկից» մինչև «Ռեալ Մադրիդ»։ Խաղացողը կարող է ընտրել ոչ միայն սիրելի թիմ, այլև նախընտրելի ֆուտբոլիստներին, ինչպես նաև թիմի շապիկի հովանավորին և հեռուստաալիքի տարբերանշանը, և անգամ խաղի մեկնաբանության լեզուն։

Ներկայացված խաղերի շարքում կան նաև ուսումնական խաղեր՝ փազլներ, քարտեզներ, խնդիրներ և այլն։

Ցուցահանդեսի ավարտից հետո կկայանա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվեն հաղթողները։ 7 անվանակարգերում ընտրված հաղթողները կստանան դրամական պարգևներ։ Համակարգչային խաղերի նախագծման «Բաց խաղ» առաջնությունը համատեղ կազմակերպել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Orange Արմենիա» ընկերությունը: