20 հունիսի 2011 - 10:56 AMT
Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին եռամյա պայմանագիր են կնքել Դոնեցկի «Մետալուրգի» հետ

Ավստրիական Բադ Տատցմանսդորֆ քաղաքում Դոնեցկի «Մետալուրգը» եռամյա պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստների` Գևորգ Ղազարյանի և Մարկոս Պիզելիի հետ:

«Վերջին երկու տարվա ընթացքում մենք ուշադիր հետևել ենք մարզիկների կարիերային ակումբում և Հայաստանի հավաքականի կազմում: Մարկոսի և Գևորգի հնարավորությունները մեզ շատ լավ ծանոթ են, ուստի այդ մարզիկների փորձաշրջանի տարբերակն ընդհանրապես չի դիտարկվել: Մեր երկու նորեկներն էլ իրենց ամպլուայով հարձակվող կիսապաշտպաններ են: Ղազարյանը հաջողությամբ խաղում է թևերում, իսկ Պիզելիին ենթահարձակվող է»,- «Մետալուրգի» սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանի խոսքերն է հաղորդում ակումբի պաշտոնական կայքը:«Մետալուրգը», որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան` Կառլեն Մկրտչյանը, այժմ հավաք է անցկացնում Ավստրիայում: Հունիսի 21-ին թիմը ընկերական հանդիպում կունենա հունգարական «Ույպեշտ» ակումբի հետ, որի ժամանակ էլ սպասվում է Ղազարյանի և Պիզելիի դեբյուտը: