Երևանում կտեղադրվի մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը: Հուշարձանը տեղադրելու որոշումն ընդունվել է Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստի ժամանակ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Հանձնաժողովը հավանության արժանացրեց մեծ մարդասերի հուշարձանը Երևանի կենտրոնական հատվածում տեղադրելու հարցը և ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնարարվեց հայտարարել հուշարձանի նախագծի մրցույթ, որի արդյունքները պետք է ամփոփվեն մինչև օգոստոսի 1-ը:
Հանձնաժողովը կդիմի նաև Երևանի քաղաքապետարանի Գեղարվեստի խորհրդին` հուշարձանի նախագծի ընտրության հարցում որոշում կայացնելու համար:
Հուշարձանի պատրաստման համար բարերարներից ստացված գումարները ևս կփոխանցվեն Երևանի քաղաքապետարանին` արձանը պատվիրելու և տարածքը բարեկարգելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: