21 հունիսի 2011 - 12:07 AMT
Երևանի քաղաքապետարանը աղբահանության հարցը լուծելու համար միջազգային մրցույթ է հայտարարելու

Երևանի քաղաքապետարանը մշակում է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման մրցութային փաթեթ, որի վերաբերյալ առաջիկայում կհայտարարվի միջազգային մրցույթ: Ինչպես ասաց քաղաքագլուխ Կարեն Կարապետյանը այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ներկայումս մայրաքաղաքի աղբահանության աշխատանքները իրականացնում են 12 մասնագիտացված ընկերություններ, որոնք ունեն թվով 1500 աշխատող, 387 միավոր տեխնիկա: «Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում օրական գոյանում է և տեղափոխվում է 850 տոննա աղբ, սպասարկվում է մոտ 4400 աղբարկղ և 2700 աղբաման: Առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում կտեղադրվի ևս 2000 աղբաման»,- ասաց քաղաքապետը: Նրա խոսքով, աղբահանության գծով հավաքագրման ընդհանուր ցուցանիշը կազմում է 67 տոկոս: Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ աղբահանության ոլորտում ներկայումս գործարկվում է պիլոտային ծրագիր, համաձայն որի GPRS համակարգեր են տեղադրվել թվով 3 աղբատար մեքենաների վրա, ինչը հնարավորություն է ստեղծում առցանց վերահսկողություն իրականանցել աղբահանության գործընթացի վրա: