21 հունիսի 2011 - 12:32 AMT
Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատար է դարձել վրացի շախմատիստ Կոնստանտին Շանավան

Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի շախմատի չորրորդ հուշամրցաշարի հինգերորդ տուրից հետո առաջատարը փոխվեց:

Միխայիլ Ուլիբինի (Ռուսաստան) հանդեպ հաղթանակի շնորհիվ գրոսմայստեր Կոնստանտին Շանավան (Վրաստան) անցավ առաջին տեղը: Երկրորդ տեղում է Աշոտ Նադանյանը, որը ոչ ոքի է խաղացել Մաքսիմ Տուրովի (Ռուսաստան) հետ:

Հուշամրցաշարին մասնակցում է 71 շախմատիստ 6 երկրից, որոնցից 19-ը գրոսմայստերներ են: Մրցանակային հիմնադրամը կազմում է 15 հազար դոլար, դրամական պարգևներ կստանան 1-15 տեղերը զբաղեցրած շախմատիստները: Պարգևներ նախատեսված նաև մինչև 16 և 60 տարեկան մասնակիցների համար: Մրցաշարը կավարտվի հունիսի 24-ին:

Կարեն Ասրյանը 2006թ. Օլիմպիադայի հաղթող է, պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: ՖԻԴԵ-ի վարկանիշում ուներ 2634 միավոր և չորրորդն էր Հայաստանի լավագույն շախմատիստների ցանկում: 2008թ. 28 տարեկան հասակում Ասրյանը մահացավ ինսուլտից: Նրա մահվան կապակցությամբ դադարեցված «Շախմատի հսկաները» մրցույթը անվանվեց նրա պատվին: