21 հունիսի 2011 - 14:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ղարաբաղյան խնդիրը կլուծվի գերտերությունների շահերի բախման արդյունքում, գտնում է Հակոբ Հակոբյանը

Հայ հանրության ճնշող մեծամասնությունը պատրաստ չէ զիջումների Ղարաբաղի հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության նախագահ Էդուարդ Անտինյանը: «Հայ հանրությունը պատրաստ չէ ոչ պատերազմի, ոչ խաղաղության»,-ասել է նա: Անտինյանը հավելել է, որ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են ցանկացած զիջումներին այդ հարցում, պետք է պատասխանատվություն ստանձնեն հնարավոր զարգացումների համար: Ինչ վերաբերում է Կազանում կայանալիք հանդիպմանը, ապա, ըստ նրա, այնտեղ այնպիսի համաձայնագրեր չեն կնքվի, որոնք կարող են ցնցումներ առաջացնել երկրում:

Իր հերթին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը կլուծվի գերտորությունների շահերի բախման արդյունքում՚: Նա նշել է, որ արդյունքում կտուժեն միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Ընդ որում, նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է և խաղաղության, և պատերազմի:

Հունիսի 25-ին Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի հետ շատերը լուրջ ակնկալիքներ են կապում, քանի որ չի բացառվում համապատասխան որևէ փաստաթղթի ստորագրում:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

ՖՈՏՈՇԱՐՔ