22 հունիսի 2011 - 17:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արտակ Դավթյան. Առաջընթացը Կազանի հանդիպմանը կախված կլինի Ադրբեջանի կառուցողականությունից

Առաջընթացը Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ բանակցային գործընթացում կախված կլինի Ադրբեջանի նախագահի դիրքորոշումից, դրա կառուցողականությունից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի համար ղարաբաղյան հիմնախնդրում առանցքայինը ԼՂՀ կարգավիճակի ճանաչումն է, նրա անվտանգության ապահովումը և Հայաստանի հետ ընդհանուր սահմանի միջոցով ԼՂՀ անկլավության բացառումը: Դավթյանը նշել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների Դովիլի հայտարարությունը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, մասնավորապես, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, և որ հասարակություններին անհրաժեշտ է խաղաղության նախապատրաստել: Նա ընդգծել է, որ երեք նախագահների կոչն առաջին հերթին ուղղված է Ադրբեջանին:

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության անդամ Երջանիկ Աբգարյանն իր հերթին նշել է այժմ ընթացող բանակցային գործընթացի բացասական կողմերը, մասնավորապես` հայ հասարակության անտեղյակությունը Մադրիդյան սկզբունքների կոնկրետ կետերի մասին: Նա բացասական է գնահատել նաև ԼՂՀ չմասնակցելը բանակցային գործընթացին: «ԼՂՀ-ն այժմ բոլորովին չի մասնակցում գործընթացին, Արցախը հիմա ընդամենը դիտորդ է»,- նկատել է Աբգարյանը:

Հունիսի 25-ին Կազանում ծրագրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի հետ շատերը լուրջ սպասումներ են կապում, քանի որ չի բացառվում հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հավանականությունը:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

ՖՈՏՈՇԱՐՔ