22 հունիսի 2011 - 19:13 AMT
Կազանում հանդիպմանը կարելի է գտնել ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, գտնում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոն գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հանդիպումը Կազանում կարող է հանգեցնել հիմնախնդրի լուծմանը: «Մենք այս տարածաշրջանում խաղաղության և կայունության հույս ունենք, ինչպես նաև հուսով ենք, որ հանդիպումը Կազանում հաջողությամբ կպսակվի և հակամարտության կարգավորման կհանգեցնի»,- հայտնել է Բրիշամբոն չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հունիսի 25-ին Կազանում ծրագրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի հետ շատերը լուրջ սպասումներ են կապում, քանի որ չի բացառվում հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հավանականությունը:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: