23 հունիսի 2011 - 18:35 AMT
«Ժառանգությունը» Կազանի հանդիպումից առաջ ՀՀ նախագահին հիշեցնում է հայության առջև պատասխանատվության մասին

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել հունիսի 24-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման առնչությամբ: Հայտարարության մեջ կուսակցությունը հայտարարում է այն մասին, որ մերժում է ավելի քան մեկ տասնամյակ ԼՂՀ օրինական իշխանությունների բացակայությամբ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպումներն իբրև բանակցություն ներկայացնելու և դրանց արդյունքում լուծումներ պարտադրելու փորձերը: «Ժառանգությունը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին «հիշեցնում է», որ «առանց ԼՂՀ օրինական ներկայացուցիչների ցանկացած հանդիպում կամ դրա արդյունքում ծնված փաստաթուղթ իրավական առումով առոչինչ են», և որ «իր հանձնառությունը ոչ թե օտար պետությունների ղեկավարների առջև է, ինչպես Դովիլյան հայտարարությունն է ակնարկում, այլ` համայն հայության»: