24 հունիսի 2011 - 01:05 AMT
Կազանի հանդիպմանն ընդառաջ Սարգսյանը քննարկել է Ղարաբաղյան հարցը Օբամայի հետ

Հունիսի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

ԱՄՆ նախագահը կարևորել է Կազանում տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի առաջնորդության համար և Դովիլի հայտարարության համատեքստում կարևորել Կազանում առաջընթացի արձանագրումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային՝ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման գործընթացին հետևողական աջակցության համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները միշտ ձգտել են հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման, և եթե Կազանում ադրբեջանական կողմը ցուցաբերի կառուցողական մոտեցում, ապա կարելի է ակնկալել դրական արդյունքներ:

ՀՀ և ԱՄՆ նախագահները քննարկել են նաև երկկողմ համագործակցության հարցեր:

Հունիսի 24-ին Կազանում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ կայանալու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: