25 հունիսի 2011 - 10:08 AMT
Էդվարդ Նալբանդյան. Կազանը բեկումնային չեղավ Ադրբեջանի նոր առաջարկությունների պատճառով

Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանելով հունիսի 24-ին Կազանում կայացած եռակողմ հանդիպումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

Ինչպես նշում է Նալբանդյանը, Հանրապետության նախագահը Ստրասբուրգում հայտարարել էր, որ կարելի է Կազանում դրական արդյունքներ, առաջընթաց ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի, սակայն արդյունքներն այլ են Ադրբեջանի պատճառով:

«Դովիլում եռանանագահող երկրները կոչ էին արել նախագահներին համաձայնության գալ Կազանում: Նախագահների հետ հեռախոսազրույցներում նախագահ Օբաման էր նույն կոչն արել: Նաեւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ուղերձներ էր հղել նախագահներն:

Սակայն ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, եւ դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ:

Ամեն դեպքում, հանդիպումը, կարծում եմ, օգտակար էր այն իմաստով, որ շարունակվեցին մանրամասն քննարկումները: Եվ կարեւորն այն է, որ Նախագահ Մեդվեդեւը, որը վերջին երեք տարվա ընթացքում մեծ ներդրում է ունեցել այս գործընթացում, իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ջանքերը՝ սկզբունքների համաձայնեցման եւ դրանց շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար:

Կողմերի միջեւ վերջին երեք տարիների ընթացքում սա արդեն 12-րդ հանդիպումն էր: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում, այս սցենարը, երբ Ադրբեջանը, փաստորեն, նոր փոփոխություններով եւ առաջարկներով է հանդես գալիս, արդեն առնվազն չորրորդ անգամ է կրկնվում: Սա է իրականությունը:

Բայց շարունակելու ենք բանակցությունները, որովհետեւ կարգավորման համար այլ ճանապարհ չկա: Միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով է հնարավոր լուծել հիմնախնդիրը»,- հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի գագաթաժողովը, որ կայացել է Կազանում հունիսի 24-ին, ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման:Կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ: