Հայաստանը պետք է ճկուն քաղաքականություն վարի էներգետիկ ոլորտում, համարժեք արձագանքելու համար արտաքին փոփոխություններին էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման ասպարեզում, հունիսի 25-ին լրագրողներին է հայտարարել Danish Energy Management-ի ներկայացուցիչ Մորտեն Զոնդերգաարդը՝ ներկայացնելով Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ձեռնարկ ծրագիրը: Այդ ոլորտի այլ գերակայություններից է երկրի էներգետիկ անվտանգության ապահովումը, էներգիայի ինքնարժեքի նվազեցումը, բարձր տեխնոլոգիաների խթանումը, շրջակա միջավայրի պահպանումը: Ըստ մասնագետի, միաժամանակ հարկավոր է բարեփոխել օրենսդրական դաշտը, ինչը կծառայի որպես վերականգնվող էներգետիկայի զարգացման լոկոմոտիվ:
Էներգիայի վերականգնվող աղբյուրների միջոցով Հայաստանում 2010թ. արտադրվել է 310 ԳՎտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն այդ ներուժը կարող է ավելանալ հինգ անգամ: Մասնավորապես, 2015թ. այդ ցուցանիշը կարող է հասնել 740 ԳՎտ/ժ, իսկ 2020-ին՝ 1500 ԳՎտ/ժ
Աղվերանում ընթանում են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ձեռնարկ ծրագրի քննարկումները: Քննարկումներին մասնակցում են Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև շահագրգիռ կողմերը: Ծրագիրը պատրաստվել է Danish Energy Management-ի մասնակցությամբ:
Քննարկման կազմակերպիչներն են Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամը, Expo Media ցուցադրական կենտրոնը՝ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աջակցությամբ: Քննարկումներն անցնում են Համաշխարհային բանկի վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում: