25 հունիսի 2011 - 12:11 AMT
Հայաստանում քննարկում են վերականգնվող էներգետիկայի զարգացման ներուժը

Աղվերանում ընթանում են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ձեռնարկ ծրագրի քննարկումները: Քննարկումներին մասնակցում են Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև շահագրգիռ կողմերը:

«Ծրագրի նպատակն է պարզել, թե վերականգնվող էներգիայի ինչ ներուժ ունի Հայաստանը ինչպես տեխնիկական, այնպես էլ տնտեսական շահավետության տեսակետից»,-ասել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: Միաժամանակ, նրա խոսքերով, ծրագիրը թույլ կտա որոշակի խնդիրներ և դրանց լուծման մեխանիզմներ առաջարկել կարճաժամեկտ՝ մինչև 2013թ., միջնաժամկետ՝ մինչև 2015թ. և երկարաժամկետ՝ մինչև 2020թ. հեռանկարում, ինչը կարևոր է ներդրողների, առևտրային բանկերի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետկառույցների համար, որոնք որոշումներ կայացնելիս կարող են օգտվել ձեռնարկ ծրագրում ներկայացված հաշվարկներից:

Քննարկման կազմակերպիչներն են Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամը, Expo Media ցուցադրական կենտրոնը՝ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աջակցությամբ: Քննարկումներն անցնում են Համաշխարհային բանկի վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում: