25 հունիսի 2011 - 14:49 AMT
Էդուարդ Շարմազանով. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Արցախի հետ

Հայաստանի երեք նախագահներն էլ մշտապես հայտարարել են, որ հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը, սակայն, ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ արված հայտարարությունն այն մասին, որ Երևանը չի ճանաչում Արցախի անկախությունը՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ նրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարելի կապել Արցախի հետ, քանի որ ԼՂՀ-ն երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: «Ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարց է, այդ իրավունքից Ղարաբաղի ժողովուրդը օգտվել է ԽՍՀՄ սահմանադրության համաձայն»,-ասել է նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարցին՝ Շարմազանովն ասել է, որ ձևաչափի փոփոխությունը ոչ մի դրական հետևանք չի ունենա, միայն կվնասի բանակցային գործընթացին: