25 հունիսի 2011 - 15:57 AMT
Հայաստանի օրինակելի զորամասերը պարգևներ են ստանալու

Հունիսի 24-ին Կապանում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտագնա նիստ: Ամփոփվել է զինված ուժերում զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը 2011թվականի առաջին կիսամյակում: Կոլեգիայի նիստին մասնակցել են զորամասերում անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով բոլոր պատասխանատուները:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հանդես գալով ամփոփիչ ելույթով, մասնավորապես ասել է. «2011թ. առաջին կիսամյակը, որը հայտարարված էր կարգապահության կիսամյակ, հիմք է տալիս փաստելու, որ զինված ուժերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց: Սակայն առկա հաջողությունները բավարար չեն և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով զարգացնել ու շարունակական դարձնել ձեռքբերումները»:

Օրինակելի կարգապահ ճանաչված զորամասերը առաջիկայում պարգևատրվելու և խրախուսվելու են, հաղորդում է ՊՆ մամլո ծառայությունը: