25 հունիսի 2011 - 16:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի հաղթողները ստացան երկօրյա ուղեգիր դեպի Տաթև

Երևանում` Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը, ավարտվել է «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարը, որը կազմակերպվել է «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից: Հաղթողները պարզ էին արդեն հունիսի 24-ին, բայց իրենց պարգևները ստացան հունիսի 25-ին գրոսմայստեր Լևոն Արոնյանի ձեռքից: Մրցաշարի հաղթող Հարություն Հովակիմյանը, ինչպես նաև արծաթե և բրոնզե մեդալակիրներ Սերոբ Ղազարյանը և Նորայր Շողիկյանը հավաստագրերից բացի ստացան նաև երկօրյա ուղեգիր դեպի Տաթև:

Արոնյանը մրցումների երկրորդ օրը սեանս անցկացրեց մասնակիցների հետ և բոլորում հաղթանակ տարավ: «Հույսի կամուրջ» կազմակերպության կողմից Արոնյանին հանձնվեց հավաստագիր և խորհրդանշական պարգև:

«Շատ հետաքրքիր պարտիաներ ստացվեցին, որոշ շախմատիսներ պայքարեցին մինչև վերջ: Ուրախ եմ, որ որպես մարզիկ աջակցում եմ նման բարի գործի»,- խոստովանել է Արոնյանը:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար պայմաններ քարոզելու համար: «Նմանատիպ միջոցառումները նպաստում են մեր երկրում հավասար պայմանների ապահովմանը: Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ամենագլխավորը նրանց հետ ճիշտ շփվելն է և ուշադիր լինելը: Շնորհակալություն Արոնյանին, որ նա մեզ հետ է և օգնում է այս գործում»,- ասել է Բաղդասարյանը:

«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի նպատակն է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար պայմանների ստեղծումը: Մրցաշարին մասնակցել են պատանի շախմատիստներ և լրագրողներ: Այն տեղի է ունեցել երկրորդ անգամ:

ՖՈՏՈՇԱՐՔ