25 հունիսի 2011 - 17:48 AMT
Կակտիվանա՞ն Ղարաբաղում պատերազմը վերսկսելու մասին խոսակցությունները

Չեմ բացառում, որ նորից կակտիվանան խոսակցությունները պատերազմի հավանականության կամ դրա աճի վերաբերյալ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Կազանի հանդիպման արդյունքները:

«Մենք պատճառ չունենք խուճապի մատնվելու, միևնույն ժամանակ՝ իրավունք չունենք զգոնությունը կորցնելու: Հետևաբար, հայկական բանակը կա և մնում է մեր անվտանգության պաշտպանության համար 1 գործոնն ու երաշխիքը: Եվ սա այսպես կլիներ, անկախ բոլոր հաշվարկներից` պատերազմի հավանականության ինչ-ինչ տոկոսների վերաբերյալ: Խնդիրը նույնն է և նույնը կլինի՝ անկախ նրանից՝ այդ հավանականությունը, օրինակ, 80 տոկոս է, թե, օրինակ, 0,001 տոկոս: ԼՂՀ-ն դեռ շատ ասելիք ունի միջազգային հանրությանը, և պետք է ստեղծել բոլոր հնարավորությունները, որ նա կարողանա լիարժեք ներկայացնել իր մոտեցումները, տեսակետներն ու դիրքորոշումները»,- ասել է Կարեն Բեքարյանը: Նա կարևորել է ակտիվ աշխատանքը միջազգային ասպարեզում, որպեսզի Ղարաբաղն ընկալվի որպես սուբյեկտ: