Համաձայն Արցախի ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 200-ից ավելի դեպք, որի ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, արձակել են ավելի քան 600 կրակոց:Առավել ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել հատկապես հունիսի 18-ին, 19-ին և 22-ին: Միայն այդ երեք օրերի ընթացքում հակառակորդը "AK", "CBD", "ПK" և "УТЕС" զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 400 կրակոց:
Հակառակ նշված փաստերի ադրբեջանական լրատվամիջոցները, հավատարիմ իրենց ավանդական քաղաքականությանը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախօրեին, միջազգային հանրությանը ապակողմնորոշելու նպատակով, տարածել են կեղծ հաղորդագրություն, համաձայն որի իբր հայկական կողմի նախաձեռնությամբ, հրադադարի խախտման արդյունքում, ադրբեջանական կողմը ունեցել է մեկ վիրավոր:Նշված հաղորդագրությունը ակնհայտ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Իսկ ադրբեջանական զինծառայողի վիրավորման փաստը կարող է պայմանավորված լինել հարևան երկրի զինված ուժերում առկա միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերություններով:
Առաջնային գծում, հայկական զինված ուժերը անվերապահորեն պահպանում են հրադադարի ռեժիմը, չեն ենթարկվում սադրանքների, և լիովին վերահսկում են իրադրությունը: