Օրերս հիմնադրվել է «Հայկական ազգային կինոակադեմիա» ՀԿ-ն, որը գլխավորում է կինոռեժիսոր Դավիթ Մուրադյանը: Այն համագործակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, «Շարմ» ընկերության և այլ կազմակերպությունների հետ: Ըստ Մուրադյանի, ակադեմիան զբաղվելու է հիմնականում գիտական, հրատարակչական գործունեությամբ: Կինոակադեմիան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ կստեղծի առաջին հայ կինոյի պատմության հանրագիտարանը:
Կինոակադեմիայի անդամ կարող են դառնալ կինոյի բնագավառում առնվազն 10 տարվա փորձ ունեցող, որոշակի հաջողությունների հասած կինոգործիչները: Ակադեմիային այժմ անդամակցում են դերասան Սոս Սարգսյանը, երգահան Տիգրան Մանսուրյանը, ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանը, Հարություն Խաչատրյանը և այլք:
Ակադեմիան կունենա նաև մրցանակ, որը կշնորհվի 2 տարին մեկ, քանի որ Հայաստանում տարեկան կտրվածքով կինո քիչ է նկարահանվում: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ-ին:
«Շարմ» ընկերությունը զբաղվելու է ակադեմիայի կազմակերպչական և պրոդյուսերական հարցերով:
Ցանկացած միջազգային մրցույթի ֆիլմ ներկայացնելու համար անհրաժեշտ է տեղի կինոակադեմիայի որոշումը և երաշխավորագիրը: Մինչ այս, Հայաստանից արտասահմանյան փառատոններ ֆիլմ ներկայացնելու համար հեղինակները երաշխավորագրեր էին ստանում կառավարությունից կամ մշակույթի նախարարությունից: